Ի՞նչ է ստենոկարդիան, պատճառները, կլինիկան և բուժումը

Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևն է: Այս հիվանդությանը բնորոշ են կրծքի շրջանի սեղմող, ճնշող ցավերով հանկարծակի նոպաները, հետկրծոսկրային շրջանի ցավերը, որոնք երբեմն զգացվում են սրտի շրջանում:

Պատճառներ
Ստենոկարդիայի նոպայի պատճառը աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակաձև զարկերակների լուսանցքի սեղմումով, անոթների կծկանքով կամ դրանց զուգակցումով պայմանավորված սրտամկանի անբավարար արյունամատակարարումն է, որը սկզբում դրսևորվում է միայն ֆիզիկական բեռնվածության դեպքում, երբ խիստ մեծանում է սրտամկանի պահանջը սննդանյութերի և թթվածնի հանդեպ: Նման դեպքերում լինում է լարման ստենոկարդիա, որի նոպաները հաճախ առաջանում են արագ քայլելիս, սար բարձրանալիս և դադարում են կանգ առնելիս: Նորից քայլելիս ցավը կարող է վերսկսվել, և հիվանդը ստիպված է լինում կանգ առնել յուրաքանչյուր 100-200 քայլից հետո: Հազվադեպ են հուզմունքի հետևանքով առաջացող լարման ստենոկարդիայի նոպաները: Դրանք առաջանում են նաև ծխելուց, ալկոհոլ գործածելուց, շատ ուտելուց: Հիվանդության խորացմանը զուգընթաց ցավային նոպաներ լինում են նաև հանգիստ ժամանակ, հաճախ գիշերը:

Պաթոգենեզ
Ցավն առաջանում է հանկարծակի, տևում է մի քանի րոպեից մինչև 0,5 ժամ, տարբեր ուժգնությամբ և կարող է տարածվել դեպի ձախ ձեռքը, ուսը, պարանոցը կամ ստորին ծնոտը, հազվադեպ` դեպի աջ, հետ, 2 ձեռքերը և այլն: Հաճախ նոպան ուղեկցվում է վախի զգացողությամբ:

Կրծքային հեղձուկի տարբերակիչ ախտանշանը նիտրոգլիցերինի ներգործումն է 1-2 րոպեից: Եթե նոպան ձգվում է 0,5 ժամից ավելի և նիտրոգլիցերինից չի հանգստանում, ապա առկա է սրտամկանի ինֆարկտի վտանգը: Սակայն կրծքավանդակի ձախ կեսի ոչ բոլոր ցավերն են կապված ստենոկարդիայի հետ:


Բուժում
Սրտի շրջանում տարբեր բնույթի, տեղակայման և տևողության ցավային զգացողություններ նկատվում են նաև նևրոզների, սրտի արատների, ողնաշարի պարանոցակրծքային հատվածի և այլ հիվանդությունների ժամանակ: Ուստի կրծքի շրջանում ցավերի դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Ստենոկարդիայի նոպայի ժամանակ, մինչև բժշկի գալը պետք է հիվանդին շտապ օգնություն ցույց տալ: Օրինակ` լարման ստենոկարդիայի դեպքում երբեմն կանգ առնելիս ցավն անցնում է, ուստի հանգիստը առաջին բուժական միջոցառումն է: Նոպայի դադարեցման առավել հուսալի միջոց է նիտրոգլիցերինը, որը 2-3 րոպեից չներգործելու դեպքում, պետք է 2-րդը դնել լեզվի տակ: Նիտրոգլիցերինը կարելի է և անհրաժեշտ է օգտագործել հենց նոպայի սկզբից: Եթե ամբողջական հաբից գլխացավ է առաջանում, ապա պետք է օգտագործել կեսը: Նիտրոգլիցերինի հաբերը կամ կաթիլներով թրջած շաքարի կտորը դնել լեզվի տակ: Ավելի դանդաղ և թույլ է ներգործում վալիդոլը: Երբեմն ցավը մեղմանում է կրծքի շրջանում մանանեխի ծեփուկներ դնելիս: Եթե նիտրոգլիցերինի կրկնակի օգտագործումից ցավը չի հանգստանում, անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Կանխարգելում
Ստենոկարդիայի նոպաները կանխելու համար հիվանդը պետք է խուսափի ցավ առաջացնող ֆիզիկական բեռնվածությունից (արագ քայլք, ծանրության բարձրացում և այլն) և նյարդային լարվածությունից: Միաժամանակ խորհուրդ չի տրվում լիարժեք հանգիստ, թույլատրելի են որոշ ֆիզիկական բեռնվածություններ, նույնիսկ` երկարատև, եթե ցավ չեն առաջացնում: Բուժական ֆիզկուլտուրայի նպատակահարմար համալիրները (բժշկի հսկողությամբ) նպաստում են հիվանդի վիճակի բարելավմանը: Պետք է սնվել փոքր բաժիններով, քանի որ շատ ուտելը կարող է դառնալ ստենոկարդիայի նոպայի պատճառ: Սննդակարգը նույնն է, ինչ աթերոսկլերոզի ժամանակ: